
523 դիտում
Ամուր ընտանիք ունենալու տեսակետից նախաամուսնական սեքսոլոգիական խորհրդատվությունը շատ կարևոր է, քանի որ բացի սեռավարակների և սերմնահեղուկի հետազոտություններից ընդգրկում է նաև սեքսուալության դրսևորումների և սեռական կյանքի հոգեհիգիենայի մասին տեղեկատվություն, որը հաճախ կանխարգելում է շատ սեքսուալ խանգարումների առաջացումը:
Երեխաների, դեռահասների, երիտասարդների սեռակրթությունը ձևավորում է շրջապատի նկատմամբ տվյալ սեռի համար բնորոշ վերաբերմունքը:
Ապատեղեկատվությունից հնարավորինս խուսափելու նպատակով ցանկալի է, որ երեխաներն անհրաժեշտ գիտելիքներ ունենան սեռերի միջև եղած տարբերությունների և սերնդի շարունակության մասին: Ծնողներն այդ հարցում ունեն բացառիկ կարևորություն։
Անհրաժեշտ է դեռահասի մեջ ձևավորել ոչ միայն ցանկությունները խոհեմաբար ղեկավարելու ընդունակություն, այլև հոգատար վերաբերմունք իր ապագա դերի նկատմամբ: Այսինքն՝ նա պետք է լավատեսորեն վերաբերի սիրուն, ընտանիքին, հղիությանը, ծննդաբերությանը:
Առողջ սեռական և վերարտադրողական կյանք ունենալու համար կարևոր է զերծ մնալ ռիսկի այնպիսի գործոններից, ինչպիսինն են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, թմրանյութերը, ավելորդ քաշը, սակավաշարժությունը, որոնք սեռական առողջությունը վնասող գործոններ են։
Առցանց խաղերից կախվածությունը, խաղամոլությունը, վիրտուալ սեռական կյանքով տարվելը խաթարում են ընտանեկան և զույգային առողջ ներդաշնակ փոխհարաբերությունները։
Սեռապես առողջ անհատն ունի դրական վերաբերմունք դեպի սեռականությունը, ունակ է վարելու անվտանգ սեռական կյանք՝ զերծ բռնությունից և հարկադրանքից:
Սեքսապաթոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու` Սևադա Հակոբյան